Պատմություն

Հերթին սպասելով

Նոյեմբեր 08 2017

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ապրող 41-ամյա Շողիկ Գրիգորյանին ու նրա ընտանիքին չէին անհանգստացնում ո´չ սոցիալական ծանր վիճակը, ո´չ էլ ֆինանսական խնդիրները՝ մինչ նրա ամուսնու՝ Սահակի Տեխտրիկյանի առողջական խնդիրների ի հայտ գալը: Հիվանդության հայտնաբերումից հետո ընտանիքը զրկվեց եկամտի աղբյուրից: Շողիկն այսօր ստիպված է մոռանալ իրեն եւ զավակներին, քանի որ ուսերին կրում է հիվանդ ամուսնու հոգսը: Դեղերը, որոնք պետք է գոնե մի փոքր թեթեւացնեն ամուսնու վիճակը, պարտքով է գնում։ Շողիկի խոսքով, դեղատան տնօրենն իմանալով ընտանիքի ծանր վիճակի մասին, իրենց ընդառաջում է, պարտքով է դեղերը տալիս: Կամաց-կամաց փորձում է մարել պարտքերը, բայց մարելուց հետո կրկին  կանգնում է նույն խնդրի առաջ։ ՙՇտապ օգնության կայանում էլ մեզ արդեն անգիր գիտեն, զանգում եմ գալիս են, մի հատ ներարկում անում գնում են, ոչ ոք չի կարող օգնել, հայտնվել եմ անելանելի իրավիճակում՚,- խոստովանում է չորս երեխաների մայրը։ Շողիկը հավաստմամբ՝ բազմիցս  դիմել է առողջապահության համակարգի ներկայացուցիչներին, որպեզի կարողանան Սահակին պետպատվերով վիրահատեն։ Բայց  մինչև  իրենց հերթը հասնելը ամուսնու վիճակը գնալով ավելի է վատանում։