Պատմություն

Ժանգոտող պատեր

Մարտ 21 2018

30-ամյա  Լիանա  Առաքելյանը ծնվել է Կամո գյուղում։ Լիանան երեք երեխա ունի։ Նա խոստովանում է,որ եթե առողջությունն ու հնարավորությունները թույլ տային, էլի երեխա կունենային: Ժանգոտող պատերից ներս ապրող Լիանան ու նրա ամուսինը ՝ Սեդրակը փորձում են ամեն ինչ անել իրենց փոքրիկների համար: Նրանց երազանքը՝ լուսավոր, ջերմ, մեծ և հարմարավետ քարե տուն ունենալն է։ Երիտասարդ կնոջ խոսքերով հաճախ հոգնում է իր առօրյայից, երբեմն ուզում է այլ բաներով զբաղվել, բայց չի կարողանում: Լիանան վարսահարդարման դասընթացների է գնացել, տարիներ շարունակ իրեն դիմող համագյուղացիների մազերն է կտրում: Սեդրակը առողջական խնդիրների պատճառով ծանր աշխատանք չի կարողանում անել: Բազմազավակ ընտանիքը չի կարող գոյատևել, եթե ծնողներից միայն մեկը աշխատի, կինն էլ պիտի աշխատի, տղամարդն էլ,- վստահ է Լիանան ։ Ու եթե մարդ առողջական խնդիր չունեցավ, երեխա պահելը երբեք հոգս չի, այլ հաճույք: Լիանան երրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Իսկ Սեդրակը երկրորդ կարգ։ Ընտանիքը ապրում է 35000 դրամ նպաստով։ Վերջին շրջանում Լիանայի ցավերն ուժեղացել են, նա այլևս չի կարողանում նորմալ քնել։ Նրան վիրահատություն է անհրաժեշտ, սակայն Լիանան անընդհատ հետաձգում է ֆինանսական խնդիրների պատճառով։